Երևան, 09.05.2021

Կայքի հին տարբերակը

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՉՓԱԿՎՈՂ ԷՋԸ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՉՓԱԿՎՈՂ ԷՋԸ

 2021 թվականի ապրիլի 24-ին նշվում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ամեն   տարի այս  օրը  մենք ոգեկոչում ենք ցեղասպանության զոհերի հիշատակը:  Օսմանյան Թուրքիայի՝ երկար տարիների հայատյաց քաղաքականությունը 1915 թվականին, երիտթուրքերի կառավարության օրոք, հասավ գագաթնակետին: Տարիներ տևած և պետական որոշմամբ իրականացված ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանն ամբողջությամբ հայաթափվեց. 1.5 միլիոն մեր հայրենակիցներ սպանվեցին, հարյուր հազարավոր հայեր դարձան գաղթական, զրկվելով իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքից:
 Ցեղասպանությունը ծայրագույն հանցագործություն է մարդկության դեմ, հետևապես նրա հանցագործների վրա չի կարող տարածվել վաղեմության իրավունքը: Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հայ ժողովրդի չսպիացող վերքն է, որի  հանդեպ քաղաքակիրթ աշխարհի թմրած խղճի ու անտարբեր հայացքի առաջ տեղի ունեցավ մարդկային պատմության մեջ չտեսնված  մի հանցագործություն: Իսկ երբ սթափվեց, Արևմտյան Հայաստանում այլևս  հայ  չկար:
 Առ այսօր Թուրքիան կատարվածի համար որևէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել: Ուստի Հայոց ցեղասպանության ճանաչումը մենք համարում ենք ոչ միայն մեր ազգային, այլև համամարդկային օրակարգի հարց, որովհետև ապրիլի 24-ը ոչ միայն մեր անմեղ զոհերի խնկարկման օր է, այլ նաև մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության և ցեղասպան գործողությունների մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու, սթափության և ժխտողականության դեմ պայքարի կոչելու օր:
 Սակայն, երբ թվաց թե տասնամյակների հեռվում է մնացել հայոց բազմահազարանոց պատմության ամենամեծ ողբերգությունը, թվացյալ հարաբերական «խաղաղությանը» դարձյալ  դարանակալեց  պատերազմը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանին ու Արցախին  պարտադրվեց մի նոր  պատերազմ, որին Ադրբեջանի  հետ  մեկտեղ  մասնակցեց նաև Թուրքիան՝ հինգերորդ  սերնդի զինատեսակներով ու ահաբեկիչներով հանդերձ, իրագործելու մի  նոր  ցեղասպանություն:
Վայրագ թշնամու դեմ պայքարում էր հայ  ժողովրդի 18-20 տարեկան զավակները, ովքեր  ինքանզոհաբերման  պատրաստակամությամբ պաշտպանում էին պատառոտված հայրենիքի մնացյալ  հողը: Շատերը նահատակվեցին հայրենիքը պաշտպանելիս, որպեսզի պահպանեն կռվող զինվորի ոգին, հայրենի հողն ու երկրագնդի վրա ապրելու մեր իրավունքը: Փառք նրանց, ովքեր հավերժացան հանուն  հայրենիքի, և բարի  վերադարձ Ադրբեջանում  գտնվող հայ  գերիներին, որոնց  անհամբեր սպասում ենք  ազգովի: 
 Այս ամենից ուշքի գալու պահն է: Հայաստանը պետք է ջանք չխնայի  տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու, բոլոր տարաձայնություններն ու հակամարտությունները փոխադարձ հարգանքի հիման վրա, բանակցային գործընթացներով, խաղաղ միջոցներով լուծելու համար: Բայց այսպիսի արդյունքի հասնելու իրական հնարավորություն կարող է ստեղծել միայն ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ և ինքնիշխան պետությունը: