Երևան, 11.12.2019

Կայքի հին տարբերակը

Չաշխատող կանանց արձակուրդային նպաստ չեն տալիս, տալիս են աշխատող կանանց

«Արդյոք անհրաժեշտություն կա՞ր «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու։ Այս օրենքը հակասում է ՀՀ սահմանադրությանը եւ աշխատանքային օրենսգրքին, քանի որ օրենսգրքով դա ոչ թե ուղղակի անաշխատունակության նպաստ է անվանվում, այլ հղիության եւ ծննդաբերության նպաստ եւ այս կերպ իշխանությունը նպաստ անվանելով ուղղակի ցանկանում է շեղել ուշադրությունը»,-այսօր «Բլից Ինֆո» մամուլի ակումբում անդրադառնալով աշխատող կանանց վրա «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում կատարվող փոփոխությունների հետեւանքներին` նշեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը։ Ըստ բանախոսի՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ժամանակավոր անաշխատունակության նպաստի, իրավունք ունի գումար ստանալու. «Այդ գումարները տրվում են պետության  կողմից։ Այս օրենքի հակասական կողմը նախ այն է, որ միջին աշխատավարձի հաշվարկման հետ կապված նրանք հիմք են ընդունում աշխատողի տվյալ գործատուի մոտ աշխատանքային ստաժը։ Սակայն ստաժը չի կարող հիմք ընդունվել, քանի որ եթե նրա մոտ մի տարուց պակաս է աշխատել, ապա այլ գործատուի մոտ է մինչեւ այդ նա աշխատել եւ վճարել պետությանը։ Աշխատողը տուժում է։ Նա, ըստ նոր հաշվարկների, իր միջին աշխատավարձի քսան տոկոսից էլ պակաս է ստանալու»։ Պրն Փիլիպոսյանը վստահ է՝ օրենքի կիրառումը խոչընդոտելու է ծնելիությանը, քանի որ այդ չնչին գումարը ստանալուց հետո նա երկրորդ եւ երրորդ երեխա ունենալու մասին չի էլ մտածելու։ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի սոցիալ-տնտեսական բաժնի պետ Կարինե Մադոյանն էլ իր խոսքում նշեց, որ կառավարությունից պատճառաբանում են, որ օրենքի նախագիծը շրջանառության մեջ է մտել չաշխատող կանանց երեխա ունենալուց մի քանի ամիս առաջ` աշխատանքի ընդունվելու չարաշահումներից ազատվելու համար, եւ նշում են, որ այս չարաշահումներին վերջ տալու համար չաշխատող մայրերին նաեւ նպաստ կտան. «Սակայն հաշվի չեն  առնում, որ սա արձակուրդի նպաստ է եւ չաշխատող մորը արձակուրդի նպաստ չեն տալիս։ Պետք է ոչ թե կրճատել աշխատող կանանցից գումարները եւ տալ չաշխատող կանանց, այլ ավելի ճիշտ կլիներ վերացնել այդ չարաշահումները»։

  Էլյա ՀՈՎՀԱՆՆՒՍՅԱՆ   <Առավոտ> օրաթերթ

http://www.aravot.am/2014/11/01/511958/