Երևան, 14.11.2019

Կայքի հին տարբերակը

Արհմիություններն ու գենդերային հավասարությունը

  

 

2014 թ.սեպտեմբերի 23-25 Աղվերանում կայացավ Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնած  <ԱՄԿ-ի սոցիալական կոնվենցիաները  և կոլեկտիվ բանակցությունները> թեմայով սեմինար:

Սեմինարին մասնակցում էին Արհմիությունների միջազգային կազմակերպության խորհրդական Օլգա Նիկոլայեն Բելգիայից, Աշխատանքի միջազգային կազմակերպության բյուրյի Մոսկվայի ներկայացուցիչ Լյուդմիլա Ուսկովան,  ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, ճյուղային հանրապետական միությունների նախագահները,  ՀԱՄԿ-ի աշխատակազմի պատասխանատու աշխատողներն ու արհմիութենական կազմակերպությունների նախագահները: Սեմինարը վարում էր  ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար Գառնիկ Վաղարշակյանը:

Բորիս Խարատյանը ողջունելով սեմինարի մասնակիցներին հույս հայտնեց, որ այն կնպաստի համատեղ աշխատանքների արդյունավետությանն ու նոր ծանոթությունների ձևավորմանը:

ԱՄԿ-ի բյուրոյի Մոսկվայի ներկայացուցիչ Լյուդմիլա Ուսկովայի զեկույցը նվիրված էր ամբողջ աշխարհում արդիական  համարվող գենդերային հավասարության խնդրին: Լ.Ուսկովայի  համոզմամբ այսօր շատերին են հետաքրքում <գենդեր> հասկացության, <գենդերային հավասարության> էությունն ու բնույթը, սակայն շատ հաճախ այս հասկացությունները օգտագործվում են սխալ ենթատեքստով և սխալ իմաստով: Տիկին Ուսկովան  իր զեկույցում  նշեց, որ իրենց նպատակն է պաշտպանել կանանց իրավունքները, ապահովել նրանց տեղը տարբեր ոլորտներում, բարձրացնել նրանց դերը հասարակական կյանքում:

 

Արհմիությունների միջազգային կազմակերպության խորհրդական Օլգա Նիկոլայեն իր զեկույցում անդրադարձավ արհմիություններում  կանանց  ներգրավվածության, այդ  գործընթացում կանանց առջև  գործատուների կողմից արհեստականորեն ստեղծած  խնդիրներին, որոնց  լուծման համար արհմիությունների ներուժի ակտիվ գործադրման արդյունքում հաջողությունը երաշխավորված  կլինի:

 

ՀԱՄԿ-ի աշխատակազմի իրավաբանական  բաժնի պետ Մ.Փիլիպոսյանը սեմինարի մասնակիցներին հիշեցրեց, որ  Հայաստանի Հանրապետությունը միացել է տարբեր միջազգայիին կոնվենցիաների և պայմանանգրերի, որոնք սահմանում են կնոջ և տղամարդու հավասարությունը: Սեռերի հավասարության սկզբունքներն ամրագրված են նաև ՀՀ Աշխատանքային օրենսգրքում, որտեղ նշված է, որ

տղամարդկանց և կանանց միևնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց պետք է վճարվի   նույն չափով աշխատավարձ, ինչը, ցավոք գործատուի կողմից  հաճախ է անտեսում:

Սեմինարի ընթացքում ակտիվ քննարկումներ եղան արհմիություններում երիտասարդ  կանանց թվաքանակի  ավելացման  և դերի  բարձրացման,  ընտանիքում, աշխատաշուկայում գենդերային խտրականության տարատեսակ  դրսևորումների շուրջ, եզրահանգումը մեկն էր` կանայք ամենուրեք  պետք է  ներկայացված  լինեն, քանի որ խնդիրները, որոնք  կապված են  ընտանիքի, երեխաների,  մայրության  իրավունքի  հետ, կանայք  ունակ են պաշտպանելու և  պաշտպանում են:

Սեմինարի մասնակիցների  առօրյան զուտ քննարկումներով  չսահմանափակվեց: Նրանք այցելեցին  նաև  11-րդ դարում  կառուցված Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցին:

Եռօրյա  սեմինարի ավարտին Բորիս  Խարատյանը շնորհակալություն  հայտնեց Օլգա Նիկոլայեին և Լյուդմիլա Ուսկովային հետաքրքիր և ուսանելի քննարկման, խորհուրդների, փորձի փոխանակման և Հայաստանի արհմիութենական  կազմակերպություններին ցուցաբերվող աջակցության  համար, հույս  հայտնելով, որ սեմինարի  ընթացքում  հնչեցրած դիտարկումներն ու առաջարկությունները կներառվեն Հայաստանի արհմիութենական  կազմակերպությունների ծրագրերում: