Երևան, 14.11.2019

Կայքի հին տարբերակը

Աշխատանքային օրենսգրքում սպասվում են փոփոխություններ

   Սեպտեմբերի 10-ին <Մեդիա կենտրոն>-ի սրահում տեղի ունեցավ ՀՀ աշխատանքային  օրենսգրքում նախատեսվող  փոփոխությունների վերաբերյալ  քննարկում, որին  մասնակցում էին  ՀՀ աշխատանքի և սոցիալական  հարցերի  նախարարության աշխատանքի  և զբաղվածության վարչության  պետ Թադևոս Ավետիսյանը, ՀԱՄԿ-ի  նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, <Թրանսփարենսի ինթերնեշնլ> հակակոռուպցիոն  կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ  Տիգրանյանը և ՀՀ  ագրոարհմիության  ներկայացուցիչ Նարեկ Ներսիսյանը:

   Ըստ Թ.Ավետիսյանի աշխատանքային  օրենսգրքում կատարվող փոփոխությունների համար հիմք են  հանդիսացել նախարարության  կողմից  իրականացված մոնիթորինգների և  վերլուծությունների ընթացքում աշխատողներից,  գործատուներից, հասարակական  կազմակերպություններից հավաքված կարծիքները, բողոքներն ու առաջարկությունները: Եվ քանի որ  Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Եվրոպական Սոցիալական խարտիան, Աշխատանքի միջազգային կազմակերպության մի շարք կոնվենցիաներ և վավերացնելով միջազգային իրավունքի այդ փաստաթղթերը՝ ձեռք է բերել նաև որոշակի պարտավորություններ, ուստի  պետք է  օրենսդրական դաշտը համապատասխանեցնի միջազգային փաստաթղթերում ամրագրվածին:

   Աշխատանքային  օրենսգրքում  ներկայացված փոփոխությունների նախագծում  ներառված են  շուրջ  50 հոդված: Նախատեսվող փոփոխությունները  վերաբերում են աշխատանքի ընդունման հետ կապված հարաբերություններին, հատուկ կամ մասնագիտական ստաժային հասկացությանը,   փորձաշրջանի ժամկետն ավարտելուց հետո աշխատանքային հարաբերությունների հետագա ընթացքին, ի դեպ առաջարկվում է հանել  նաև աշխատանքային գրքույկ վարելու պարտավորությունը և այլն:

   Սակայն ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանի համոզմամբ Աշխատանքային  օրենսգրքում փոփոխությունների նախագծում բացակայում են մի շարք  սկզբունքային  հարցեր, որոնցից  նա առաջնային համարեց հարկադիր աշխատանքի սահմանումը, ինչը  բացակայում է ՀՀ իրավական  ակտերում:  Բ. Խարատյանի համոզմամբ աշխատանքային  հարաբերություններում հիմնական խնդիրը աշխատանքի վարձատրությունն է: <Բոլոր երկրներում աշխատանքի վարձատրությունը կառուցվում է հաշվի առնելով նվազագույն  աշխատավարձը, որը հաշվարկվում է տարբեր ձևերով: Եթե, օրինակ, որոշ երկներում հաշվի են առնում սպառողական զամբյուղը կամ միջին աշխատավարձը, ապա մեզ մոտ որևէ կոնկրետ ձև գոյություն չունի: Աշխատանքային  օրենսգրքով սահմանված չէ  նաև <նվազագույն աշխատավարձ> հասկացությունը>:

   Պարոն Խարատյանը նշեց, որ Աշխատանքային  օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները  ՀԱՄԿ-ում առ այժմ քննարկման  փուլում են: