Երևան, 19.10.2020

Կայքի հին տարբերակը

ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱ

ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱ

 

Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի նախագահ

պարոն Է.Թումասյանին

 

 

 Հարգելի  Էդուարդ,

 

 Խորին անհանգստությամբ և ցավով հետևում ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական հակամարտության զարգացման ընթացքին: Զոհվում են մարդիկ, ոչնչացվում են ենթակառուցվածքներ և տներ, և հետևանքներն ակնառու են ամբողջ տարածաշրջանում: Խաղաղությունը արհմիութենական շարժման, այն է՝ աշխատողների իրավունքների իրականացման, արժանապատիվ աշխատանք ունենալու և մեր անդամների կյանքի հրամայականն է: Մենք վերահաստատում ենք այս դիրքորոշումը աշխարհի ցանկացած մասում ցանկացած բռնի հակամարտության վերաբերյալ:

 Մենք, անշուշտ, հաշվի ենք առնում այն տեղեկատվությունը, որը Դուք ներկայացրել եք մեզ իրավիճակի վերաբերյալ: Համոզված եղեք, որ մենք դրան վերաբերվում ենք պատշաճ ուշադրությամբ և հաշվի ենք առնում մեր կոչերում և գործողություններում: Դուք տեսել եք Արհմիությունների Միջազգային Կոնֆեդերացիայի հայտարարությունը, որն ամրապնդում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, ինչպես նաև անցյալ շաբաթ ՀԱԵԿ-ի (PERC)  նախագահի և  գլխավոր քարտուղարի կողմից կատարած համատեղ հայտարարությունը: Ավելին, մենք դիմել ենք ԵԱՀԿ նախագահին և Մինսկի խմբի համանախագահներին՝ լիարժեք իրացնելու իրենց մանդատը և շարունակելու առաջ տանել բոլոր կողմերի ներգրավվածությունը և հորդորել նրանց վերստին հավատարիմ մնալ կարգավորման գործընթացին՝ հիմք ընդունելով միջազգային իրավունքի առկա հիմնական նորմերն ու սկզբունքները և համապատասխան միջազգային փաստաթղթերը, մասնավորապես՝  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի բանաձևը: Մենք նաև կապեր ենք հաստատում Ալբանիայի և Շվեդիայի մեր մասնաճյուղերի հետ (ԵԱՀԿ նախագահի և ապագա նախագահի հետ), ինչպես նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ՝ սույն ուղերձն իրենց երկրների կառավարություններին փոխանցելու համար:

 Անհրաժեշտ է դադարեցնել արյունահեղությունը: Մենք կոչ ենք անում բոլոր անդամներին միավորվել և բարձրաձայնել «Եվրոպան առանց հակամարտության և առանց պատերազմի» կարգախոսը: Մենք արդարության և երկխոսության կոչ ենք անում և պատրաստ ենք համերաշխ աջակցություն ցուցաբերել Հայաստանի արհմիություններին և քննարկել աշխատողների ընդհանուր շահերի խթանումը, այն է՝ արժանապատիվ աշխատանքը, նրանց ընտանիքների առողջության և բարեկեցության ապահովման հետագա քայլերը և, անշուշտ, խաղաղությունը:

 

Հարգանքով,

 

Շարան Բուրրոու                                                     Լուկա Վիզենտինի

Գլխավոր քարտուղար                                        Գլխավոր քարտուղար

Արհ. ՄԿ                                                                       ԱԵԿ և Արհ.ՄԿ