Երևան, 29.11.2020

Կայքի հին տարբերակը

Համավարակը խորացնում է զբաղվածության ոլորտում առկա ճգնաժամը

Համավարակը խորացնում է զբաղվածության ոլորտում առկա ճգնաժամը

Օրերս <Ինդուստրիալ Գլոբալ Յունիոն> միջազգային  կազմակերպությունը COVID-19 համաճարակի և աշխատանքի շուկային վերաբերող հարցերի շուրջ կազմակերպել էր տեսահանդիպում, որին  մասնակցում էին տարբեր երկրների՝ հանքարդյունաբերության,  մեքենաշինության և քիմիայի  արդյունաբերության  ոլորտի արհմիութենական շուրջ 20 /Շվեցարիա, Հայաստան, Ղազախստան, Բելառուս, Ուկրաինա,Վրաստան և այլն/ կազմակերպությունների   ներկայացուցիչներ:

Տեսահանդիպմանը Հայաստանից մասնակցում էր Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական  կազմակերպությունների ճյուղային  հանրապետական  միության  նախագահ Էդուարդ Փահլևանյանը:

Քննարկուման թեման վերաբերում էր արտակարգ դրության  ժամանակ աշխատանքի միջազգային ստանդարտների կիրառմանը, թե որքանով է այն  նպաստում աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

 Համաճարակը բացահայտեց միլիոնավոր աշխատողների և ձեռնարկությունների ծայրահեղ խոցելիությունը: Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից վերջերս  կատարած ուսումնասիրության արդյունքում  պարզվեց, որ աշխատուժի շուկայում COVID-19- ի ազդեցությունը հսկայական է: Զբաղվածության ոլորտում ճգնաժամը խորանում է, մինչդեռ այդ  վիճակից դուրս  գալու  հեռանկարը դեռևս  տեսանելի չէ: 2020 թվականի երկրորդ եռամսյակում աշխատանքային ժամերը նվազել են 14 տոկոսով, ինչը հավասար է 400 միլիոն լրիվ դրույքով աշխատատեղերի կորստի: Աշխատողների ճնշող մեծամասնությունը (93 տոկոս) ապրում է այն երկրներում, որտեղ կիրառվում են որոշակի կարանտինային միջոցառումներ ՝ կապված ձեռնարկությունների գործունեության սահմանափակումների հետ: Իսկ, ահա որոշ  երկրներում արձանգարվել են աշխատողների աշխատանքային  իրավունքների ոտնահարման  դեպքեր,  խախտվել է շաբաթվա ընթացքում աշխատաժամանակի  տևողությունը՝  կազմելով 72 ժամ: Կորոնավիրուսով պայմանավորված մեկուսացումը ողջ աշխարհում կարող է զրոյացնել աղքատության նվազեցմանն ուղղված ջանքերը: Արդյունքում շուրջ  550 միլիոն  մարդ կահյատնվի աղքատության շեմից  այն  կողմ:

Տեսահանդիպման ընթացքում <Ինդուստրիալ Գլոբալ Յունիոն> միջազգային  կազմակերպությունը հանդես եկավ  քաղաքական  հայտարարությամբ, ըստ որի՝   Աշխատանքի  միջազգային  կազմակերպությունը համարվում է աշխատանքային  հարաբերությունների կայուն զարգացումը կարգավորող կենտրոն: <Ինդուստրիալ Գլոբալ Յունիոն>-ը միաժամանակ տեսահանդիպման  մասնակից  արհմիության  ներկայացուցիչներին  կոչ արեց աշխատողների իրավունքների  ոտնահարման  վերաբերյալ հանդես  գալ անհարդուրժողական  հայտարարություններով: