Երևան, 09.12.2019

Կայքի հին տարբերակը

Կայացավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը

Կայացավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հուլիսի 31-ին կայացավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, Հայաստանի գործատուների միության և ՀՀ կառավարության ներկայացուցիչներ: 

  Նիստում քննարկման էր դրված <Հայաստանի Հանրապետության գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագրի նախագիծը /զեկուցող Աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության  ընտանիքի,  կանանց և  երեխաների հիմնահարցերի վարչության  առաջատար մասնագետ Ս. Բոստանջյան/, Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի համահունչ մեծության գնահատման վերաբերյալ հետազոտության արդյունքերը /զեկուցող Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային  ինստիտուտի տնօրեն Ա. Սարգսյան/, ԱՄԿ-ի մասնակցությամբ Հայաստանի գործատուների  հանրապետական միության 10-րդ Ազգային կոնֆերանսի մասին /զեկուցող Հայաստանի  գործատուների հանրապատեական  միության նախագահ Գ. Մակարյան/ զեկույցները:

  Նիստին  մասնակցում էին հանձնաժողովի անդամներ՝ Հայաստանի արհմիությունների  կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բ. Խարատյանը, ՀԱՄԿ-ի Հայաստանի առևտրի,  հասարակական  սննդի և սպառկոոպերացիայի և ձեռներեցության աշխատողների ՃՀՄ-ի  նախագահ Շ. Մկրտչյանը,  Հայաստանի արդյունաբերության աշխատողների ՃՀՄ-ի  նախագահ Հ. Դանիելյանը, Հայաստանի  մշակույթի աշխատողների  ՃՀՄ-ի  նախագահ Ժ. Թորոսյանը և ՀՀ պետհիմնարկների, ՏԻՄ-երի  հասարակական  սպասարկման աշխատողների ՃՀՄ-ի նախագահ Ա. Ասատրյանը:

  Բ.Խարատյանը <Հայաստանի Հանրապետության գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագրի  նախագծի  վերաբերյալ առաջարկեց  վերշարադրել ծրագրի Գենդերային խտրականության կանխարգելում բաժնի 5-րդ կետում  նշված <սեռական  տարբեր խմբերին  պատկանող  կանայք  և աղջիկներ> ձևակերպումը:

  Անդրադառնալով նվազագույն աշխատավարձի համահունչ մեծության գնահատման  վերաբերյալ հետազոտության արդյունքներին պարոն Խարատյանը կարևորեց նվազագույն աշխատավարձի սահմանման  համար անհրաժեշտ երկու գործոն՝ աշխատողի և  նրա  ընտանիքի  անդամների  պահանջմունքներն ու  տնտեսական  վիճակը, որոնք  տեղ  չեն  գտել վերոհիշյալ  վերլուծության մեջ: Մինչդեռ, ըստ Բ.Խարատյանի այս  գործոններն անմիջական  կապ ունեն կանանց խտրականության  կանխարգելման հետ, այն  պարզ  պատճառով, որ Հայաստանի Հանրապետության  տնտեսության  մեջ կանայք  գերակշիռ մաս են  կազմում:

  Նիստի ընթացքում Ա.Ասատրյանն անդրադարձավ վերջին  տարիներին հանրապետության մարզերում որոշ պետական պաշտոնյաների կամ ՏԻՄ-երի դրդումներով արհմիությունների որչնչացման պրակտիկային և նշված պաշտոնյաների իրավական անգրագիտությանը և առաջարկեց  կոնկրետ  գործողություններ  ձեռնարկել կառավարության ծրագրում տեղ գտած և վարչապետի կողմից հայտարարված արհմիությունների դերի բարձրացման անհրաժեշտության գաղափարը կյանքի կոչելու ուղղությամբ: Նա  հանդես  եկավ նաև Հոկտեմբերի 7-ի՝ Արժանապատիվ աշխատանքի օրվա առթիվ կոնֆերանս անցկացնելու առաջարկությամբ, ակնկալելով Հանրապետական եռակողմ հանձնաժողովի աջակցությունը:

  Հանձնաժողովի անդամների կողմից  օրակարգի թեմաների՝ մասնավորապես Գենդերային քաղաքականության  իրականացման 2019-2023 թթ. Ռազմավարության  և միջոցառումների ծրագրի շուրջ  ծավալվող  բուռն քննարկումների արդյունքում որոշվեց հանձնաժողովի անդամների կողմից մեկ  շաբաթվա  ընթացքում ներկայացնել նախագծերի  վերաբերյալ գրավոր առաջարկություններ: