Երևան, 25.02.2018

Կայքի հին տարբերակը

ՀԱՐՑԵՐ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

(հարցերը մեր կողմից չեն խմբագրվում)

 Աշխատանքային գրքույկները Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնելու և դրանք աշխատողներին հանձնելու մասին


 <<Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության 2015թ. հունիսի 22-ի ՀՕ-96-Ն օրենքով (այսուհետ` օրենք) ուժը կորցրած է ճանաչվել նաև օրենսգրքի 90 հոդվածը, որը վերաբերվում է աշխատանքային գրքույկների վարմանը: Աշխատանքային գրքույկում ներառված տեղեկատվության  պահպանման անհրաժեշտությունից ելնելով, օրենքով սահմանվել են օրենսգրքի 90-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչելու մասին անցումային դրույթներ: Այդ դրույթներով գործատուի վրա պարտավորություն է դրվել 2017թ. հունվարի 1-ից հետո երկու տարվա ընթացքում իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել ՀՀ Կառավարության լիազորված պետական կառավարման մարմին` աշխատանքային գրքույկներում առկա տեղեկատվությունը կենսաթաշակային համակարգի տվյալների շտեմարան (այսուհետ` շտեմարան) ներառելու համար և տարածքային բաժնից ստացած գրքույկները սահմանված կարգով  հանձնել աշխատողներին:
 Հիշյալ օրենքի դրույթների կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանարպետության Կառավարությունը, ղեկավարվելով անցումային դրույթների պահանջներով,  2016թ. օգոստոսի 18-ի 882-Ն որոշմամբ (այսուհետ` որոշում) սահմանել է <<Աշխատանքային գրքույկները Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնելու և աշխատողներին հանձնելու մասին>> կարգ:  
 Որոշմամբ աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը շտեմարանում ներառելու համար ՀՀ Կառավարության լիազորված կառավարման մարմին է ճանաչվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ` ծառայություն), որն էլ գործատուի կողմից ներկայացված աշխատանքային գրքույկները ընդունում և գրքույկներում առկա տեղեկատվությունը շտեմարանում ներառում, այնուհետև վերադարձնում է գործատուին իր տարածքային բաժինների (այսուհետ` տարածքային բաժին) միջոցով: Սահմանվել է նաև աշխատողի հիմնական աշխատավայրի գործատուի կողմից աշխատանքային գրքույկն աշխատողին հանձնելու կարգն ու պայմանները:
Ըստ կարգի, աշխատանքային գրքույկները գործատուն  տարածքային բաժին է ներկայացնում որոշակի խմբաքանակներով: Աշխատանքային գրքույկների թվաքանակը յուրաքանչյուր խմբում չի կարող 50-ից ավել լինել: Նախատեսված է նաև ըստ աշխատողների թվաքանակի աշխատանքային գրքույկները ներկայացնելու ժամանակացույց:  Այսպես, ծառայությունը մինչև 2017թ մարտի 1-ը պատշաճ եղանակով ծանուցում է գործատուին աշխատանքային գրքույկները ներկայացնելու ժամկետի մասին: Ծանուցումը պարունակում է նաև հետադարծ կապի տվյալներ`էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար:
Գործատուն, մինչև իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները տարածքային բաժին ներկայացնելը, աշխատանքային գրքույկում լրացված վերջին էջից հետո նշում է աշխատանքային գրքույկի լրացված բոլոր էջերի թիվը և ստորագրում, կնիքի առկայության դեպքում` կնքում, նշելով նաև իր զբաղեցրած պաշտոնը և անուն ազգանունը: 
Գործատուն ներկայացուցչի միջոցով իր  մոտ վարվող աշխատանքային գրքույկները  ներկայացնում է ցանկացած տարածքային բաժին` ստորագրված և կնքված հանձնման-ընդունման ակտով` երկու օրինակից, ակտում ներառելով գործատուի անվանումը և ՀՎՀՀ-ն, ներկայացուցչի անուն ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, տվյալ ակտին կից ներկայացվող աշխատանքային գրքույկների թիվը, վարձու աշխատողի (ում աշխատանքային գրքույկը ներկայացվում է) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, աշխատանքային գրքույկի սերիան ու համարը: Ընդ որում, մինչև 10 աշխատող ունեցող գործատուի դեպքում ակտը լրացվում է տարածքային բաժնում: Ակտը և գրքույկները ներառվում են տարածքային բաժնում վարվող համապատասխան մատյանում:
Ակտը մատյանում հաշվառելուց հետո տարածքային բաժինը լրացնում է ստացական` երկու օրինակից, որից մեկը կնքվում և կցվում է ակտի մեկ օրինակին և տրվում է գործատուի ներկայացուցչին, իսկ մյուսը` մնում է տարածքային բաժնում: Գործատուի ներկայացուցչին տրված ստացականի օրինակում նշվում է գրքույկների վերադարձման օրը: Աշխատանքային գրքույկները գործատուին են վերադարձվում դրանք տարածքային բաժին ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում: Հաշվի առնելով տարածքային բաժին ներկայացված աշխատանքային գրքույկների թիվը տարածքային բաժինը կարող է երկարաձգել աշխատանքային գրքույկների վերադարձման ժամկետը` ոչ ավել քան երկու ամիս ժամկետով: 
Աշխատանքային գրքույկներում տարածքային մարմինների կողմից անհամապատասխանություն..



Անուշ Մնացականյան

   Խնդրում եմ սեղմ ժամկետներում, տալ իրավական կարծիք այն մասին, թե արդյոք համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի <<բ>> ենթակետի (65 տարին լրանալու) հիմքով աշխատանքից ազատելիս պետք է վճարվի արձակման նպաստ, թե ոչ` նշելով համապատասխան իրավական հիմքերը:

Պատասխան.

   <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի <<բ>> ենթակետով աշխատանքային պայմանագրի լուծումը համապատասխանում է որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի լուծմանը և ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածով նախատեսված է աշխատանքային պայմանագրի լուծման այն դեպքերը, որոնք աշխատողին իրավունք են տալիս արձակման նպաստ ստանալու համար: Սակյան, Ձեր կողմից նշված աշխատանքային պայմանագրի լուծման դեպքն աշխատողին արձակման նպաստ ստանալու իրավունք չի տալիս:



  Ի՞նչ տարբերություն կա աշխատանքային պայմանագրերի և քաղաքացիաիրավական պայմանագրերի միջև, չէ՞ որ հաճախ երկու դեպքում էլ նույնանման աշխատանքներ են կատարվում:

Պատասխան.

   Աշխատանքային պայմանագրի հասկացությունը տրված է ՀՀ աշխ.օր-ի 83 հոդվածում, համաձայն որի աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի աշխատանք: Այսինքն պայմանագրի առարկան աշխատանք կատարելն է: Քաղաքացիաիրավական պայմանագրի կողմեր են հանդիսանում պատվիրատուն և կատարողը, իսկ պայմանագրի առարկան աշխատանքի արդյունքն է: Հաջորդ տարբերիչ հատկանիշը աշխատանքի կազմակերպման բնույթն է, որով աշխատողը պարտավորվում է ենթարկվել գործատուի մոտ սահմանված ներքին կարգապահական կանոններին: Մինչդեռ քաղաքացիաիրավական պայմանագրով կատարողը աշխատանքները կատարում է իր ռիսկով: Մյուս տարբերությունը աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունների անձամբ կատարելն է, իսկ քաղաքացիաիրավական պայմանագրերի դեպքում պարտավորությունների կատարումը հնարավոր է նաև այլ անձանց ներգրավելու միջոցով:



ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու ի՞նչ կարգ գոյություն ունի:

Պատասխան.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի համաձայն  միջին աշխատավարձի չափը որոշելու բոլոր դեպքերի համար սահմանվում է  հաշվարկման միասնական կարգ: 
Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակի (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: 



Արդյո՞ք գործատուն իրավունք ունի նվազեցնել աշխատողի աշխատավարձի չափը և ո՞ր դեպքերում:
Պատասխան. 
Աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն առանց աշխատողի գրավոր համաձայնության աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը գործատուն կարող է փոփոխել միայն օրենքով կամ կոլեկտիվ պայմանագրով աշխատանքի վարձատրության պայմանների փոփոխության դեպքում, ինչի մասին գործատուն աշխատողին պետք է ծանուցի օրենքով սահմանված ժամկետներում: 



Խնդրում եմ, պարզաբանել, թե ո՞ր դեպքում է կնքվում որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր և արդյո՞ք գործատուն իրավունք ունի անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը լուծել և կնքել որոշակի ժամկետով պայմանագիր:
Պատասխան. 
 ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն որաշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները:
 Որոշակի ժամկետով պայմանագրեր կնքվում են նաև` ընտրովի պաշտոններում աշխատողների հետ` ընտրված ժամանակահատվածով, համատեղությամբ աշխատանք կատարողների, սեզոնային աշխատանքներ կատարողների, ժամանակավոր (մինչև երկու ամիս) աշխատանքներ կատարողների, ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ, օտարերկրացիների` աշխատանքի թույլտվության կամ կացության իրավունքի  վավերականության ժամկետով, տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող և վաթսուներեք տարին լրացած կամ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող  և վաթսունհինգ տարին լրացած անձանց հետ` գործատուի կողմից առաջարկվող պաշտոնում կամ աշխատանքում անձի մասնագիտական ունակությունների գնահատման հիման վրա:
Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի` արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման դեպքում, գործատուն իրավունք ունի լուծել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը և կնքել որոշակի ժամկետով պայմանագիր:



Գուրգեն Դավթյան

Հարց.

Տարիքային կենսաթոշակի անցնելուց հետո կնքվել է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր, այն լուծելու դեպքում վճարելու են արձակման նպաստ թե՞ ոչ:

Պատասխան.

Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ աշխատանքային պայմանագիրը լուծվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասով: Իսկ արձակման նպաստը աշխատողին տրվում է օրենսգրքի 129-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, որտեղ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում արձակման նպաստ նախատեսված չէ:



Կարինե Եսայան

Հարց.

Կարող է արհեստակցանան միության ղեկավարը /նախագան/, որը միաժամանակ աշխատանքային պայմանագրով աշխատում է գործատուի մոտ և ստանում է համ իր պաշտոնավարման աշխատավարձը, համ արհմիության պաշտոնը վարելու համար աշխատավարձ, ազատվել աշխատանքից գործատուի մոտ /թոշակի տարիքի, կամ դիմումի հիման վրա/ սակայն մնալ արհեստակցական միության ղեկավարի պաշտոնի տակ և ստանալ վարձ:

Պատասխան.

«Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի համաձայն արհեստակցական միության ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինները, այդ թվում նաև արհեստակցական կազմակերպության նախագահը, ընտրվում են արհեստակցական միության բարձրագույն մարմնի կողմից` հինգ տարի ժամկետով: Եթե գործատուի հետ աշխատանքային պայմանագրով աշխատող և միաժամանակ արհեստակցական կազմակերպության նախագահի վճարովի պաշտոնը զբաղեցնող աշխատողը գործատուի հետ լուծում է աշխատանքային պայմանագիրը, ապա նա կարող է շարունակել արհեստակցական կազմակերպության նախագահի վճարովի պաշտոնը` մինչև նախագահի պաշտոնում ընտրված ժամկետի ավարտը:



Արթուր Բաղդասարյան

Հարց.

  Խնդրում եմ պատասխանել, արդյո՞ք կարող ենք աշխատանքային կոնտրակտի /պայմանագիր/ պատճեն վերցնել և ըստ ո՞ր հոդվածի:

Պատասխան.

  Ձեր հարցման կապակցությամբ հայտնում ենք, որ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին մասի՝ գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից՝ կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է աշխատողին այն կնքելուց անմիջապես հետո: Նշված ժամկետում չհանձնելու դեպքում գործատուն պարտավոր է ցանկացած ժամանակ աշխատողի պահանջով նրան հանձնել աշխատանքային պայմանագրի օրինակներից մեկը:



ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր, թե մեր երկրում առկա տնտեսական իրավիճակում երկար հանգստանալը ճոխություն է, ուստի առաջարկել էր հանդես գալ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախաձեռնությամբ, որով 2019 թվականից սկսած Ամանորի տոները կկրճատվեն:

Կառավարությունն այս որոշումը հիմնավորում է հետևյալ կերպ. «Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) և Ծննդյան տոներ նախատեսելով։ Նախածննդյան տոների ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից։ ՈՒստի առաջարկվում է տոնական ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել հունվարի 3-ը, 4-ն ու 5-ը, այսինքն` ոչ աշխատանքային կլինեն միայն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը և հունվարի 6-ը»։ Բացի այդ, կառավարության համոզմամբ, նախածննդյան տոների ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից, ուստի իր հիմնավորման մեջ նշում է, որ «ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-159-րդ հոդվածների, ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 28 օրացուցային օր է` այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը և վճարվում միջին աշխատավարձը: Սրան գումարենք 15 ոչ աշխատանքային օր` ազգային տոներ և հիշատակի օրեր, ստացվում է նվազագույնը 43 վճարվող հանգստյան օր տարեկան»:

Գործադիրը, հղում անելով տարբեր երկրներում տարվա ընթացքում ոչ աշխատանքային օրերի վիճակագրությանը, եզրակացնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվն արդեն իսկ գերազանցում է շատ զարգացած ու առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը, ուստի համարում է, որ հայ աշխատավորը հանգստյան օրերի պակաս չունի:


«Իրատեսի» հետ զրույցում Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողների արհմիության նախագահ ԱՆԱՀԻՏ ԱՍԱՏՐՅԱՆԸ նշեց, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքով դեռ 2010 թվականին սահմանվել է ամենամյա վճարովի արձակուրդի տևողությունը, որը կազմում է 20 աշխատանքային օր, և ոչ թե 28 օրացուցային, ինչպես նշված է կառավարության հիմնավորման մեջ:
«Աշխատողը ստանում է արձակուրդային գումար այդ 20 աշխատանքային օրերի համար, հետևաբար շաբաթ և կիրակի օրերի համար, որոնք ընդհանուր հանգստյան օրեր են, արձակուրդային գումար չի հաշվարկվում: Նույն տրամաբանությամբ կառավարությունը կարող էր հաշվարկել նաև ամբողջ տարվա շաբաթ և կիրակի օրերը և նշել, որ մենք ունենք ևս 100-ից ավելի արձակուրդային օրեր։ Կառավարության ներկայացրած այլ երկրների արձակուրդների չափերի վերլուծությունը վստահություն չի ներշնչում»,- համոզված է Ա. Ասատրյանը:

Անդրադառնալով եկեղեցական տոներից հետո, ըստ ավանդույթի՝ Ննջեցյալների հիշատակման օրվա փոխարեն շաբաթ օրերին աշխատելու պարտադրանքին, Ա. Ասատրյանը նշում է, որ այդ կապակցությամբ արհմիության անդամներից բազմաթիվ բողոքներ են ստանում:
«Կարծում ենք, որ դրանք չպետք է փոխարինվեն շաբաթ օրերով։ Քանի որ քաղաքացին և նրա ընտանիքը պետության հիմքն են, ուրեմն այն, ինչ որ արվում է, ի վերջո պետք է արվի հօգուտ Հայաստանի Հանրապետության քաղաքացու, իսկ քաղաքացին ունի իր անձնական կյանքը, ընտանիքի անդամների հետ ունի պլանավորված միջոցառումներ, ծնունդ, կնունք, հարսանիք, ի վերջո շաբաթ-կիրակնօրյա հանգստի իրավունք և այլն։ Մեռելոց է՝ շատ լավ, բայց աշխատողի շաբաթ օրը թող մնա շաբաթ, որպես հանգստի հնարավորություն: ՈՒստի այն կարծիքին եմ, որ Ննջեցյալների հիշատակության օրվա (մեռելոց) կապակցությամբ տրամադրված հանգստյան օրվա փոխարեն շաբաթ օրն աշխատելու պարտադրանքով խախտվում է աշխատողի հանգստի իրավունքը»:

Ա. Ասատրյանը աշխատողի հանգստի իրավունքի խախտում է համարում նաև հանգստյան օրերին իրականացվող շաբաթօրյակները, որոնց շատ հաճախ հարկադրաբար մասնակցում են հիմնականում պետական հիմնարկների, ուսումնական հաստատությունների, քաղաքապետարանի աշխատակիցները: «Ես ամենևին դեմ չեմ, որ համայնքի բնակիչները միահամուռ օգտակար գործ անեն իրենց համայնքի համար: Բայց իրականում շաբաթօրյակները բոլորովին այլ բնույթ են կրում: Համայնքի բնակիչների մեծ մասը չի էլ ուզում մասնակցել շաբաթօրյակներին, փոխարենը դրանց հարկադրաբար մասնակցում են աշխատողները: Համոզված եմ, որ այդ շաբաթօրյակները ոչ մի օգուտ չեն տալիս հանրությանը, քանի որ մաքրությունը կամ ծառատունկը շատ ավելի լավ կարող են իրականացնել այն մարմինները, որ կոչված են դրա համար։ Ինչպես մեր վարչապետը կասեր՝ «որտեղի՞ց ձեր մեջ էս պոլիտբյուրոն», եկեք վերջ տանք անիմաստ շաբաթօրյակներին, որովհետև երբ մի բան մարդկանց սրտից չի բխում, այլ պարտադրվում է, երբեք չի կարող արդյունավետ լինել»,- համոզմունք հայտնեց Ա. Ասատրյանը:

Ինչ վերաբերում է երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ կառավարության հիմնավորմանը, ապա նա վստահեցնում է, որ օրենքի նախագծի փոփոխությամբ աշխատողների սոցիալական վիճակն էլ ավելի կվատանա:
«Եթե այժմ աշխատողը երկու օր ավելի հանգստանալով ստանում է այդ օրերի աշխատավարձը, ապա այսուհետ այդ նույն գումարի համար քրտինք պետք է թափի, հավելյալ ծախսեր անի աշխատանքի գնալ-գալու, ընդմիջմանը սնվելու համար, բացի դրանից զրկվելու է նաև ամանորյա լիարժեք հանգստի հնարավորությունից: Բազմիցս ականատես եմ եղել, երբ երկարատև տոն օրերին չեն աշխատում նաև այն ծառայությունները, որոնք պետք է անխափան աշխատեն, որպեսզի երկիրը ապրի իր բնականոն կյանքով։ Այստեղ, իրոք, խնդիր կա, որն արժանի է ուշադրության, չպետք է սահմանափակվել միայն ձևական հերթապահություններ սահմանելով: Ի դեպ, հարկ է հիշել, որ տոնական օրերին աշխատողները ՀՀ աշխատանքային օրենսգրքի 185 հոդվածի համաձայն պետք է վարձատրվեն կրկնակի»:

Սովորաբար, աշխատողների շահերին առնչվող առաջարկություններն ու նախագծերը հարկ է որ քննարկվեն աշխատողների ներկայացուցիչների՝ արհմիությունների և շահագրգիռ կողմերի հետ: Ա. Ասատրյանի փոխանցմամբ` Հանրապետական եռակողմ կոլեկտիվ պայմանագրով հստակ ամրագրված է, որ աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող, գործատուների և աշխատողների` աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության առումով էական նշանակություն ունեցող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը մինչև համապատասխան մարմնի կողմից դրանց ընդունումը ներկայացվում են Հանրապետական եռակողմ հանձնաժողովի կարծիքին, սակայն շատ օրենքներ և նախագծեր բոլորովին չեն քննարկվում եռակողմ ձևաչափով։ Այս նախագծի մասին նա տեղեկացել է կառավարության նիստից մեկ օր առաջ, կառավարության կայքից։ «Քանի որ եռակողմ հանձնաժողովը նախագահում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, և օրակարգն էլ նա է ձևավորում, եռակողմի քննարկմանը հիմնականում դրվում են այն նախագծերը, որոնք կամ մշակվում են այդ նախարարության կողմից, կամ գտնվում են այդ նախարարության իրավասության ներքո: Սակայն կառավարության պարտականությունն է մնացած նախագծերը ներկայացնել եռակողմ հանձնաժողովի քննարկմանը: Իսկ երբ դա չի արվում, արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենք. ժողովրդավարական պետությունում ընդունվում են իրավական ակտեր, որոնց ժողովուրդը մինչև վերջին պահը տեղյակ էլ չի լինում»,- զրույցի ավարտին ասաց Անահիտ Ասատրյանը:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

 

Սկզբնաղբյուրը՝ www.irates.am



Առավել հաճախ ծագող հարցերը կարդալ ամբողջությամբ այստեղ


2015թ. ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխություններ

Ուղղեք Ձեր հարցը առցանց